Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ջրի հարցն էլ են «ջրում»

Ջրի հարցն էլ են «ջրում»
17.07.2009 | 00:00

ՕԳՈՒՏ ՉԿԱ՞
Որքան շատ են քննադատում ջրային ոլորտը, այնքան դրա պատասխանատուները տարիների ընթացքում կայուն իմունիտետ են ձեռք բերում քննադատության նկատմամբ։ Անկախ այն բանից, թե որ երկրին է վստահվել «Երևանջուր» ընկերության կառավարումը։
Բազմիցս ասել, գրել, ընդգծել ենք, որ ցանկացած ընկերություն իր պարտավորությունների կատարման մեջ թերանում է` ոգևորվելով պետական ղեկավար մարմինների ամենաթողության քաղաքականությունից։ Ընդունելով նշված հանգամանքները, բոլոր դեպքերում համոզված ենք, որ ջուրը մի տեղ անընդհատ կաթելով անցք է առաջացնում անգամ քարի վրա։ Եվ, ուրեմն, կրկին խոսենք ջրի մասին, մասնավորապես, անդրադառնանք խմբագրություն դիմած քաղաքացիների ահազանգին։
«Այս շոգին երեք օր է ամբողջ Նորք-Մարաշ թաղամասը զրկված է խմելու ջրից։ Սա ի՞նչ մոտեցում է, եթե ոչ բնակիչներիս արհամարհելու սովորույթ։ Ինչո՞ւ պետք է բազմաթիվ հոգսերի կողքին մտահոգվենք նաև, թե որտեղից մի կում ջուր ճարենք»,- զայրացած նշում էին նրանք։
«Նորք-Մարաշը և Նոր Նորքի զանգվածների որոշ հատվածներ ջրազրկվել էին վթարի պատճառով, որը տևեց մեկուկես օր։ Երեկ երեկոյան վթարը վերացվել է, և ջրամատակարարումը վերականգնվել»,- մեզ հետ հեռախոսազրույցում փաստեց ջրային տնտեսության կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման բաժնի պետ ՄՈՒՇԵՂ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Սակայն բնակիչների և նշված բաժնի ղեկավարի խոսքի միջև մեկ անհամապատասխանություն կա։ Բնակիչների պնդմամբ` իրենք ջուր չեն ունեցել շուրջ երեք օր, իսկ ըստ Մ. Կարապետյանի, ջուր չի եղել ընդամենը մեկուկես օր։ Եթե անգամ ընդունենք, որ պետական պաշտոնյան իրավացի է, և ընդամենը մեկուկես օր ջուր չի եղել, միևնույն է, սա չի նվազեցնում «Երևանջուր» ընկերության պատասխանատվությունը։ Այն պարզ պատճառով, որ նշված դեպքը եզակի չէ և խիստ տարածված է բոլոր համայնքներում։ Բավական չէ, որ ամառվա տապին մարդիկ խմելու ջրի կարոտ են եղել, նրանք չեն կարողացել նաև այդ օրերի ընթացքում կապվել 1-85 տեղեկատու դիսպետչերական ծառայության հետ։ Այս վերջին պնդումը չժխտեց նաև Մ. Կարապետյանը։ Ավելին, նա ընդգծեց, որ այստեղ խնդիր կա, և առաջիկայում «Երևանջուր» ընկերությունը կառավարող «Վիոլա» ֆրանսիական ընկերության պատասխանատուների հետ նախատեսվող հանդիպմանն այդ հարցը բարձրացնելու են։
Չենք կասկածում, գուցեև հարցը բարձրացվի, սակայն որքանո՞վ այն լուծում կստանա։ Սա, թերևս, լրջագույն խնդիրներից մեկն է, քանի որ առաջին դեպքը չէ, որ ջրային տնտեսության կոմիտեն խոստանում է հարցերը լրջորեն բարձրացնել ընկերության առջև։ Բնականաբար, պետական պաշտոնյաներն այս դեպքում նշում են, որ «Երևանջուր» ընկերությունը մասնավոր ընկերություն է, և իրենք չեն կարող ուղղակի ճնշումներով լուծել խնդիրը, այլ ընդամենը իրավասու են հետևելու ընկերության ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Նկատենք, որ ոչ ոք և երբևիցե չի պարտադրել ջրային տնտեսության կոմիտեին, ղեկավարությանը` «մահակ» ճոճել «Երևանջուր» ընկերության գլխին։ ՈՒղղակի բազմիցս զարմացել և մինչ այժմ էլ չենք հասկանում, թե ինչպես մի լուրջ պետական ապարատ չի կարող պարտադրել «Վիոլա» ֆրանսիական ընկերությանը` հետևողականորեն կատարել իր իսկ ամրագրած պարտավորությունները։ Չենք թաքցնում, նույնչափ զարմանալի են մեզ համար նշված ընկերության կողմից պարտավորությունների ոչ լիարժեք կատարման պարագայում ջրային տնտեսության ռևերանսները, որոնք հաճախ արտահայտվում են` առկա թերությունները չնկատելով։
Իհարկե, այս թեմայի մասին կարելի է անընդհատ խոսել, սակայն ի՞նչ կփոխվի։ Միևնույն է, ֆրանսիական կողմը շարունակելու է աշխատել ինչպես իր սիրտն է ցանկանում, Հայաստանը շարունակելու է վարկային պայմանագրեր կնքել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ջրամատակարարման ոլորտը բարելավելու նպատակով, ինչը բնակչության համար այդպես էլ աննկատ է մնալու։ Երևի թե միակ շոշափելի բանը վարկերից գոյացած տոկոսներն են, որոնք կփոխանցվեն սերնդեսերունդ։ Մինչդեռ ֆրանսիական ընկերությունը պարտավորություն ուներ արդիականացնելու ջրամատակարարման ոլորտն իր ներդրումների հաշվին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ